
Երևանի դպրոցներում ու մանկապարտեզներում արգելվել է ծորակից ջուր խմել․ քաղաքապետարանը պարզաբանում է
Երևանի քաղաքապետարանը դպրոցներին ու մանկապարտեզներին հրահանգել է ծորակից ջուր չխմել։ Հրամանը քաղաքապետն իջեցրել է սեպտեմբերի 24-ին։ ABC Media-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն ասաց, որ այն դեռ գործում է։
«Այդ օրերին Երևանի բոլոր վարչական շրջաններում նկատվել է ջրի համի և գույնի փոփոխություն, ուստի ստիպված էին նման հրահանգ իջեցնել։ Ջրից նմուշառումներ են վերցրել, որոնց լաբորատոր զննության պատասխանները կլինեն այսօր՝ երեկոյան»,-ասաց Ազարյանը։
Նա վստահեցրեց, որ մայրաքաղաքի որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում քաղաքապետարանը շշալցված ջրեր է մատակարարում, որոշ դեպքերում աշակերտներն են իրենց հետ ունենում շշալցված ջուր։ Զորակից ջուր չխմելու մասին հրամանի փոփոխությունը կախված է զննության արդյունքներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին, որ իրենց ծորակի ջրի որակում փոփոխություն են նկատում, որոշներն էլ ջրում այլ մարմիններ էին նկատել։ «Վեոլիա ջուր» ընկերությունը հորդորել էր չգործածել ծորակից եկող ջուրը։


