12 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևն աջակցել է Թրամփի «էներգետիկ հրադադարին», ԱՄՆ-ն սպառնում է, Մոսկվան՝ լռում․ ի՞նչ է հայտնի

Կիևն աջակցել է Թրամփի «էներգետիկ հրադադարին», ԱՄՆ-ն սպառնում է, Մոսկվան՝ լռում․ ի՞նչ է հայտնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ զինադադարի։ Կիևը հայտարարել է, որ կաջակցի նման քայլին, սակայն Մոսկվան դեռևս չի մեկնաբանել․ գրում է BBC-ն։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի «անմիջապես», սակայն չի հայտնել մանրամասներ։

«Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում էներգետիկ զինադադարը։ Երկու կողմերն էլ համաձայնել են դրան։ Մի՛ խախտեք այն»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկզբում զարմանք է հայտնել հայտարարության վերաբերյալ, բայց հետո հայտարարել է, որ Կիևը կաջակցի նախաձեռնությանը, եթե Մոսկվան դա անի։ Նա նաև մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար։

Թրամփը կոչ է արել Կիևին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնագրի հայտարարությունից հետո։ Նա նաև կտրուկ քննադատել է Զելենսկիին՝ հայտարարելով, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։

Դիզվառելիքի գործարքը քննադատության է արժանանում աճող տեմպերով։ Զելենսկին այն անվանել է Պուտինին նվեր և պատերազմի մեջ ներդրում։ Եվրոպացի պաշտոնյաները և որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից, հայտարարել են, որ չեն աջակցում այդ որոշմանը։ Յոթ սենատոր՝ 3 դեմոկրատ և 4 հանրապետական, հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Թրամփի համաձայնագիրն ուղղակիորեն հակասում է ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրենքին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը նույնպես հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ կնքված համաձայնագրին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պետք է կենտրոնանան Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու վրա։ Այս համաձայնագիրը Թրամփի վերջին փորձն է իջեցնել վառելիքի ներքին գները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. այն հաջորդում է Իրանի հետ պատերազմի քաղաքական հետևանքների հետ ամիսներ տևած պայքարին, որը հանգեցրել է վառելիքի, մասնավորապես՝ դիզելային վառելիքի համաշխարհային գների բարձրացմանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հայտարարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մասին. նա վերջին անգամ դա արել է սեպտեմբերին, բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը չեն հաստատել համաձայնագիրը, և էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումները շարունակվել են։

Axios-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդել է, որ Թրամփի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մասին հայտարարությունը, իբր, վերաբերում էր միայն նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու հնարավոր գործարքին։ Նրա խոսքով, եթե նավթավերամշակման գործարաններին ուղղված փոխադարձ հարվածները դադարեն, հաջորդ քայլը կարող է լինել համաձայնագիր՝ զերծ մնալու այլ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

«Ռուսները քննարկում են այս առաջարկը», - Axios-ին ասել է Սպիտակ տան խոսնակը։ «Մենք շուտով կիմանանք՝ պատրաստ են, թե ոչ»,-հավելել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Ուկրաինան ունի միայն մեկ նավթավերամշակման գործարան, որը բազմիցս ենթարկվել է Ռուսաստանի հարձակմանը և չի գործում լիարժեք հզորությամբ։ Ի տարբերություն դրա՝ Ռուսաստանն ունի նման նավթավերամշակման գործարանների լայն ցանց։

The Financial Times-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Սպիտակ տան վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարող գնումների համակարգը՝ Կիևին ստիպելու դադարեցնել Ռուսաստանի տարածքի խորքում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպական մայրաքաղաքների և Կիևի վրա՝ փորձելով դադարեցնել Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ