12 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարություն է եղել Վաշինգտոնում

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարություն է եղել Վաշինգտոնում

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը՝ համախմբելով ԱՄՆ պետական կառույցների ներկայացուցիչներին, դիվանագիտական համայնքի անդամներին, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։

Իր ելույթում դեսպան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և անդրադարձել Հայաստանի զարգացման ներկայիս ուղուն՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու պահպանումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովուրդների միջև համագործակցության հիմնարար նախապայման։

Դեսպանն ընդգծել է ՀՀ–ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովին, «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը։

Անդրադառնալով երկկողմ ոլորտային համագործակցությանը՝ մյուս բանախոսները խոսել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սուպերբանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հազվագյուտ հանքանյութերի ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ սա նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ դեսպանության և Աստվածաշնչի թանգարանի միջև համագործակցությանը։ Այս թեմայով հայտարարություններով են հանդես եկել դեսպան Մկրտչյանը և թանգարանի գործադիր տնօրեն Մատիաս Պերտուլան»,- ասված է հաղորդագրությունում։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել Արթուր Հակոբյանը, Արաքսյա Ամիրխանյանը՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանի և նրա նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ