
Իրանը մարտավարություն է փոխում՝ նպատակ ունենալով ազդել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների վրա․ Reuters
Իրանը նոր մարտավարություն է կիրառում Հորմուզի նեղուցով անցնող նավերի դեմ՝ ձգտելով պահպանել նավթի բարձր գները և ազդել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա. Reuters-ին հայտնել են Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պաշտոնյաները հրաժարվել են մանրամասներ ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ, սակայն նրանցից մեկը նշել է, որ Իրանը մոտ 10 օր առաջ սկսել է տարբեր հարձակողական մարտավարություններ կիրառել այն նավերի նկատմամբ, որոնք, իր կարծիքով, խախտել են սահմանված սահմանափակումները՝ հավելելով, որ դա հանգեցրել է նման նավերի վրա հարձակումների աճին։
Նրանց խոսքով՝ ռազմավարությունը ներառում է ինչպես հարձակումների տեսակի, այնպես էլ դրանց տեմպի փոփոխություն, իսկ նպատակներից մեկն ԱՄՆ-ում կայանալիք քվեարկության արդյունքների վրա ազդելն է։
«Նպատակն է խափանել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ նավթի համաշխարհային գները նվազեցնելու ջանքերը», - նշել է պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյաների խոսքով՝ նոր ռազմավարությունն ընդունելու որոշումը կայացվել է Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով և լիովին համակարգվել է երկրի իշխող համակարգի ներսում։
ԱՄՆ զինվորական պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հաստատել է, որ Իրանը փոխել է իր մարտավարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշռադատում է Իրանի դեմ հաջորդ քայլերը, բայց հայտարարել է, որ քվեարկությունից առաջ կրկին չի հարձակվի։
Թեհրանը փորձում է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ հասցրին Իրանին։ Վաշինգտոնի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով Իրանը սահմանափակել է երթևեկությունն այդ ջրային ուղով, որով մինչև պատերազմն իրականացվում էր համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի առևտրի մոտ մեկ հինգերորդ մասի փոխադրումը։


