15 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ «բոլոր ռումբերի մորը» կիրառելու հնարավորությունը․ CNN

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ «բոլոր ռումբերի մորը» կիրառելու հնարավորությունը․ CNN

ԱՄՆ զինված ուժերը մշակել են հարվածների նոր ծրագրեր, որոնք, ըստ խնդրին ծանոթ ամերիկացի մի շարք պաշտոնյաների, նախատեսում են, այսպես կոչված, «բոլոր ռումբերի մոր» (mother of all bombs) հնարավոր կիրառումն՝ իրանական էներգետիկ ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները թիրախավորելու համար։ Սա կարող է տեղի ունենալ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրամայի վերսկսել մարտական գործողությունները՝ միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո. հայտնում է CNN-ը։

Իրանի հետ հակամարտության ընթացքում առաջին անգամ GBU-43/B տիպի՝ «բոլոր ռումբերի մայր» (MOAB) կոչվող ռումբի (որն ԱՄՆ զինանոցում ամենամեծ ոչ միջուկային ռումբն է) կիրառումը կնշանակեր լարվածության զգալի սրում։

Մինչդեռ, ըստ ռազմական պլանավորման ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրների, կասկածներ կան, թե որքանով այն արդյունավետ կլինի Թրամփի հայտարարած ռազմավարական նպատակներից որևէ մեկին հասնելու կամ պատերազմի ընթացքը փոխելու հարցում։

Թրամփը ճնշման տակ է՝ վերջ դնելու խիստ անընդունելի համարվող այս պատերազմին։ Միաժամանակ, չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռմբակոծություններին, որոնք շարունակվում են արդեն ավելի քան վեց ամիս, որևէ նշան չկա, որ երկու երկրները մոտ են բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը։

Թեև ԱՄՆ զինված ուժերը շարունակում են Թրամփին ներկայացնել իրանական թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու տարբերակներ, որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում կասկած են հայտնում, թե արդյոք Սպիտակ տունն ունի որևէ ռազմավարություն, որը կմիավորեր այդ ծրագրերն այնպես, որ դրանք իրականում կարողանան վերջ դնել պատերազմին. մի բան, որն անելու լիազորություն ունի միայն նախագահը։

Ամիսներ շարունակ Թրամփն ու նրա խորհրդականները քննարկել են տարբերակներ, որոնք կարող են ծառայել որպես պատերազմի «վերջնական» ավարտ՝ գոնե հանրային հաղորդակցության տեսանկյունից՝ հաշվի առնելով, թե որքան անընդունելի է դարձել այդ հակամարտությունն ամերիկացիների շրջանում։

Թեև վարչակազմի որոշ ներկայացուցիչներ պատերազմն, ըստ էության, հաղթական են որակել, Թրամփն իր վերջին հայտարարություններում ավելի զգուշավոր է եղել՝ խուսափելով հաղթանակ հայտարարելուց և նշելով, որ ԱՄՆ-ն այդ երկրում դեռ անավարտ գործեր ունի։

Կուլիսներում Թրամփը նաև կասկածի տակ է դրել որոշ արտաքին դաշնակիցների դիրքորոշումը, որոնք հորդորում են նրան պարզապես վերադարձնել ամերիկյան զորքերը հայրենիք և փակել այդ էջը։ Թրամփի պնդմամբ՝ նման քայլը կդիտվի որպես պարտություն։

Վերջին մի քանի շաբաթում Սպիտակ տան խորհրդականները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Իրանի հետ կապված տարբեր սցենարներ։ Թեև Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից առաջ նոր գործողությունների չի դիմի, մի քանի խորհրդականներ մասնավոր զրույցներում նշել են, որ վստահ չեն՝ արդյոք այդ հայտարարությունը վերջնական է, թե՞ կարող է փոխվել մինչև ընտրությունների օրը։

Աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ Թրամփը հրահանգել է զինվորականներին մշակել իրանական թիրախների դեմ հարվածների լրացուցիչ ծրագրեր, որոնք ներառում են «էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը» և, հնարավոր է, MOAB ռումբի կիրառումը։

Մեկ այլ աղբյուր CNN-ին հայտնել է, որ իրանական միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Պիկաքս լեռանը» (Pickaxe Mountain) հարվածելու ռազմական ծրագրերը նույնպես ուղղակիորեն նախատեսում են MOAB-ի կիրառումը։ Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս սպառնացել է հարվածել «Պիկաքսին», որտեղ, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, Թեհրանը պահում է իր միջուկային ծրագրի բաղադրիչները։ Սա տեղի է ունենում նույնիսկ այն բանից հետո, երբ տարեսկզբին դադարեցվեցին լայնածավալ մարտական գործողությունները, իսկ Թրամփը շարունակում է շեշտել, որ իր նպատակն է երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ