
Արցախի Մեծ Թաղեր գյուղի պատմությունը
Արցախի Հադրութի շրջանի ամենանաշանավոր բնակավայրերից է Մեծ Թաղեր գյուղը: Հնում գյուղը կոչվել է Կաժ, իսկ հետագայում Թաղեր: Պատմական մի շարք տեղեկությունները փաստում են, որ գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում: Արդեն իսկ 18-րդ դարում այն եղել է Խամսայի մելիքությունների Վարանդայի մելիքության կազմում:
19-րդ դարի վերջին գյուղն ուներ 450-500, 1900-ին՝ 800, 1980-ին՝ 460 բնակիչ: 2000-ական թվականների ընթացքում գյուղի բնակչությունը հասել է մինչև 1500-ի: Գյուղում զբաղվել են խաղողագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ: «Գյուղում մշակել են թթենի՝ շերամի համար: 1880-ական թվականներին ուներ շերամի թելի փոքրիկ գործարան: Նախկինում այստեղ տարածված էր փայտածխի արտադրությունը: Գյուղն ունի ուշ ժամանակներում կառուցված մեկ եկեղեցի՝ Սուրբ Ամենափրկիչ անունով, որտեղ մինչև 1890-ական թվականները պահպանվում էր հայերեն ձեռագիր ավետարան:
Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր և պատմական հուշարձաններ»: (Հակոբյան Թ. Խ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևան, 1988, էջ 403):
Մեծ Թաղերում և նրա շրջակայքում պահպանվել են բազմաթիվ պատմական, հնագիտական և պաշտամունքային վայրեր, որոնք վկայում են բնակավայրի դարավոր պատմության և մշակութային հարուստ ժառանգության մասին:
Դրանցից առանձնանում է Շմանեք քարանձավային համալիրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պալեոլիթյան շրջանում այստեղ բնակվել են նախնադարյան մարդիկ: Գյուղից ոչ շատ հեռու գտնվում է Շմաջրի բերդը: Մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվում է Մրխաթուն հին բնակատեղին: Գյուղատեղիի հարակից տարածքում պահպանվել է Մրխաթուն եկեղեցին, որը կառուցվել է 1603 թվականին:
Գյուղի պատմական ու հոգևոր ժառանգության մաս է կազմում նաև Լուսավորչի սրբավայրը: Ըստ ավանդության՝ այստեղ գտնվող քարայրում գիշերել է Գրիգոր Լուսավորիչը: Մեծ Թաղեր գյուղից է եղել նաև Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Մեծ Թաղեր գյուղն օկուպացվել է Ադրբեջանի կողմից:


