
Բաղդադի հռչակագրում ներառվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նվիրված կետ
Հոկտեմբերի 17-18-ն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նստաշրջանը։
Նիստին Ադրբեջանը ներկայացրել է փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորած պատվիրակությունը։ Իր ելույթում Ռաֆիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, պաղեստինյան հարցին և ԻՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանի առաջիկա նախագահության առաջնահերթություններին։
Նստաշրջանից հետո ընդունվել են բանաձևեր քաղաքական, տնտեսական, մարդասիրական, մշակութային և մի շարք այլ ոլորտների, ինչպես նաև Բաղդադի հռչակագրի վերաբերյալ։
Բաղդադի հռչակագրում ներառվել է կետ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հռչակագիրը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։


