
Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին
Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։
Դեպքի փաստով «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական մարմնին»,- նշում է լրատվամիջոցը։


