
Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսում ներքին ընտրությունների վրա ազդելու նպատակով ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակի վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանը ներքին հետաքննություն է սկսել կեղծ էլեկտրոնային նամակի առնչությամբ, որն, իբր, գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) բարձրաստիճան պատգամավորներից մեկն՝ ըստ ամենայնի, փորձելով խոչընդոտել իր գործընկերոջ՝ խմբակցության ղեկավար կազմի բարձր պաշտոններից մեկը զբաղեցնելու ձգտմանը․ գրում է POLITICO-ն։
Անջեյ Հալիցկին, ում վերագրվում է նամակը, հայտարարել է, որ էլեկտրոնային նամակի հեղինակն ինքը չէ։ Նա նշել էր, որ ինքը «կեղծ էլեկտրոնային նամակների վրա հիմնված ամոթալի մեղադրանքների» զոհ է։
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը հայտնել է. «Մեր ծառայությունները հաստատել են, որ այդ էլեկտրոնային նամակն իսկական չէ։ Մենք կապի մեջ ենք համապատասխան պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է հնարավորինս արդյունավետ կերպով հետաքննել այս դեպքը և կանխել նմանատիպ այլ դեպքերի կրկնությունը»։
Նամակում բացասական գնահատականներ են տրվել Պորտուգալիայից ԵԺԿ պատգամավոր Սեբաստիանու Բուգալյուի աշխատանքի վերաբերյալ՝ ԵԺԿ փոխնախագահների ընտրություններից առաջ։ Հարցմանն ի պատասխան՝ Բուգալյուի գրասենյակից հայտնել են, որ նա «ակնհայտորեն մեկնաբանություններ չի անի կեղծված էլեկտրոնային նամակների վերաբերյալ»։
ԵԺԿ մամուլի ծառայության ղեկավար Պեդրու Լոպես դե Պաբլուն նշել է. «Խմբակցությանը տեղեկացրել են, որ հետաքննություն է անցկացվելու»։
Ուրբաթ Հալիցկին դիմել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ խնդրելով դիմել Բելգիայի իշխանություններին՝ հետաքննություն անցկացնելու համար։ «Ինչքանով ես գիտեմ, խորհրդարանն անմիջապես արձագանքել է, և հետաքննությունն արդեն սկսվել է»,- նշել է նա՝ նկատի ունենալով ներքին հետաքննությունը։
Այս միջադեպը տեղի է ունենում ԵԺԿ փոխնախագահների պաշտոնների համար ընթացող թեժ պայքարի ֆոնին։ Ընտրությունները նախատեսված են երեքշաբթի։ Տասը տեղի համար մրցակցում են 12 պատգամավոր, այդ թվում՝ Բուգալյուն և Հալիցկին։


