
Ո՞վ կխոսի Պուտինի հետ. Եվրոպան Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցող է փնտրում․Politico
Եվրոպական կառավարությունների շրջանում ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ շուտով կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակելու մեկին, որը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ կվարի Ուկրաինայի հարցով։
Հիմնական խնդիրն այն է, թե ո՞վ պետք է ստանձնի նման ռիսկային հանձնառությունը․ գրում է Politico-ն։
Այս հարցն ավելի հրատապ դարձավ այս շաբաթ, երբ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մեկնեց Ռուսաստան՝ Պուտինին առաջարկելու եռակողմ գագաթնաժողով Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ՝ հրադադարի հասնելու նպատակով։
«Նախագահ Պուտինը Եվրոպական միությունը որպես հեղինակություն չի ընդունում։ Նա չի ցանկանում խոսել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, չի խոսում Կայա Կալլասի հետ։ Նա դադարեցրել է շփումները նաև այլ եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի հետ», - նշել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է «գտնի մեկին կամ մի խումբ մարդկանց, որոնք կխոսեն Եվրոպայի անունից»։
«Պարտադիր չէ, որ նրանք լինեն ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ. նրանք կարող են լինել պարզապես առաջնորդներ, որոնց մյուսները մանդատ կտան՝ բանակցություններ վարելու համար»,- ասել է նա։
Վերջին օրերին Թրամփի մոտեցումը մտահոգություն է առաջացրել Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների շրջանում․ նա Պուտինի հետ շփվում է նրանց շրջանցելով և ցուցաբերելով Ռուսաստանի կողմն անցնելու աճող պատրաստակամություն՝ գրեթե հինգ տարի տևող պատերազմում։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նրա օգտին է խոսում երկու կարևոր հանգամանք. ԵՄ առաջնորդների շրջանում նա, թերևս, ամենալավ հարաբերություններն ունի Թրամփի հետ, իսկ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ աշխատելու երկարամյա փորձ ունի. երկու երկրները կիսում են 1300 կիլոմետրանոց սահման և անցյալում պատերազմել են միմյանց դեմ։
ԵՄ մեկ այլ դիվանագետ նշել է, որ Ստուբը «միակն է, որ մինչ այժմ նախաձեռնություն է ցուցաբերել»՝ դրսևորելով բարձր մակարդակի քաղաքական առաջնորդություն, և կարող է հանդես գալ որպես եվրոպական ներկայացուցիչ ապագա խաղաղության գագաթնաժողովում։
Ըստ կայքի հետ զրուցած դիվանագետնորից մեկի՝ Պուտինի հետ կարող է զրուցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Նա ավելի լավ ընտրություն կլինի, քան Ֆոն դեր Լայենը կամ Կալլասը, որոնք երկուսն էլ համարվում են չափազանց ներգրավված ուկրաինական կողմում՝ ԵՄ-ն արդյունավետորեն առաջնորդների մակարդակով ներկայացնելու համար։


