22 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկարգություններ՝ Ֆրանսիայում. Մակրոնը հավաքում է անվտանգության ուժերին, Լեկորնյուն՝ հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ

Անկարգություններ՝ Ֆրանսիայում. Մակրոնը հավաքում է անվտանգության ուժերին, Լեկորնյուն՝ հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ

Ֆրանսիայի կառավարության ամենաբարձր մակարդակներում արտակարգ հանդիպումներ են անցկացվում՝ սոցիալական մոբիլիզացիայի «երկրորդ ալիքից» երկու օր առաջ: Այս հանդիպումները կազմակերպվել են անցյալ շաբաթավերջին Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի աճի դեմ ցույցերից ու դրանց ժամանակ տեղի ունեցած բռնության ու թալանի բռնկումներից հետո․ գրում է Euronews-ը։

Մի քանի քաղաքային կենտրոններում արդեն երրորդ գիշերն անընդմեջ պարետային ժամ է հայտարարված, իսկ նոր հավաքներն արգելված են։

Էմանուել Մակրոնն այսօր առավոտյան անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ վարչապետի, համապատասխան նախարարների և «անվտանգության բոլոր ծառայությունների» մասնակցությամբ:

Ելիսեյան պալատը պարզաբանել է, որ նիստը նախատեսված է «ամփոփելու առաջիկա շաբաթների համար «հետախուզական ծառայությունների, կանխատեսման և անվտանգության ապահովման համակարգերի» աշխատանքի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալու «այն ձախողումներին, որոնք հանգեցրին անցած հանգստյան օրերի իրադարձություններին»։

Ֆրանսիայի իշխանությունները խոստովանել են, որ անվտանգության ծառայությունները ձախողել են և զգալիորեն թերագնահատել հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասշտաբները: Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը կանխատեսել է մոտ 200․000 մարդու ներկայություն փողոցներում, մինչդեռ գրանցվել է 550․000-ից մինչև 800․000 մասնակից: Շաբաթ օրն ամբողջ երկրում տեղակայվել է իրավապահ մարմինների մոտ 60․000 աշխատակից, սակայն դա չի կանխել վանդալիզմի գործողությունները։

Հոկտեմբերի 24-ին նախատեսված նոր ակցիայի անվտանգության ապահովման սխեման կուժեղացվի Sentinelle գործողության զինվորականների, ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանումների՝ RAID-ի, GIGN-ի և BRI-ի օգնությամբ։

Խորհրդակցությունները կշարունակվեն Մատինյոնում այսօր կեսօրին: Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն կընդունի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ հասարակական կարգի դոկտրինի հնարավոր «էվոլյուցիան» քննարկելու համար։

Նախագահական քարոզարշավի ընթացքում նախընտրական հանրահավաքների անվտանգության հարցը նույնպես պետք է քննարկվի այս հանդիպմանը։

2027 թվականի ընտրություններում նախագահի մի քանի թեկնածուներ որոշել են անտեսել հրավերը։ «Ազգային միավորում»-ից Մարին Լը Պենը և Ժորդան Բարդելան, ինչպես նաև նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը չեն մասնակցի հանդիպմանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ