
Եվրոպական կառավարություններն անջատում են իրենց կայքերը․ աշխարհի կայքերի մոտ 70%-ը սնուցող PHP-ում հայտնաբերվել են կարևոր խոցելիություններ
PHP-ում, որը լայնորեն օգտագործվող ծրագրավորման լեզու է և սնուցում է աշխարհի կայքերի մոտ 70%-ը, կարևոր խոցելիություններ են հայտնաբերվել։ Մշակողները թողարկել են արտակարգ թարմացումներ, իսկ կիբեռանվտանգության մարմինները կոչ են անում կազմակերպություններին անհապաղ թարմացնել խոցելի համակարգերը կամ ժամանակավորապես անջատել դրանք, մինչև անվտանգության ապահովումը․ հայտնում է Euronews-ը։
Այս նախազգուշացումից հետո մի քանի երկրների կառավարություններ, ընկերություններ և խոշոր առցանց ծառայություններ որպես նախազգուշական միջոց ժամանակավորապես անջատել են կայքերը և այլ համակարգերը։
Խոցելիությունները հայտնաբերվել են արհեստական բանականության միջոցով։ PHP անվտանգության թիմը 2 խոցելիությունը ծանրության սանդղակով գնահատել է 10-ից 9.2 միավոր։
Սկզբում անվտանգության մասնագետները հայտնել են, որ այս խոցելիությունների լայնածավալ շահագործման նշաններ չեն նկատվել դրանց բացահայտումից առաջ։ Սակայն հետագայում հարձակման փորձեր են հայտնաբերվել, ինչը մեծացրել է այն մտահոգությունները, որ չթարմացված համակարգերը կարող են դառնալ թիրախներ։
Մի շարք եվրոպական կառավարություններ նույնպես ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես անջատել է նահանգային կայքերը, իսկ Գերմանիայի դաշնային տեղեկատվական տեխնոլոգիաների մատակարար ITZBund-ը փակել է մի քանի կառավարական կայք։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ սա կանխարգելիչ միջոցառում է, և որ անվտանգության հետ կապված միջադեպեր չեն գրանցվել։
Կառավարական և սոցիալապես կարևոր կայքերը ժամանակավորապես անջատվել են նաև այլ երկրներում, այդ թվում՝ Նիդեռլանդներում և Ֆինլանդիայում, մինչ իշխանություններն աշխատում էին իրենց համակարգերի անվտանգության վրա։
Մեծ Բրիտանիայում Ազգային կիբեռանվտանգության կենտրոնը կոչ է արել PHP օգտագործող կազմակերպություններին նույնականացնել խոցելի համակարգերը, ուժեղացնել կասկածելի գործունեության մոնիթորինգը և հնարավորինս շուտ տեղադրել անվտանգության թարմացումները։


