
Ռազմավարական գործընկերություն․ Կանադան ու Թուրքիան առևտրային և ռազմական համաձայնագրեր են կնքում
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ օրը հայտարարել են «ռազմավարական գործընկերության» մասին՝ այն պարագայում, երբ Կանադան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից․ գրում է AP News-ը։
Երկու առաջնորդների ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 3 համաձայնագիր, որոնք վերաբերում են ռազմական արդյունաբերությանը, տրանսպորտին և էներգետիկային։ Նրանք նաև հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
«Մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը չի մնա միայն թղթի վրա. սա զուտ խորհրդանշական քայլ չէ»,- նշել է Էրդողանը։
Քարնին ձգտում է դիվերսիֆիկացնել Կանադայի գործընկերությունները՝ ԱՄՆ-ի հետ սրվող առևտրային պատերազմի ֆոնին, որը սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց կանադական ապրանքների նկատմամբ։ Այս կոնֆլիկտն ուղեկցվեց Կանադայի պատասխան քայլերով, ինչպես նաև Թրամփի այնպիսի հայտարարություններով, որոնք կասկածի տակ են դնում Կանադայի ինքնիշխանությունը։
«Ոչ մի երկիր, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսներով է օժտված, չի կարող միայնակ հզորանալ։ Ամենակայուն երկրները միավորում են իրենց փոխլրացնող ուժեղ կողմերը վստահելի գործընկերների հետ», -նշել է Քարնին։
Սա Կանադայի վարչապետի առաջին երկկողմ այցն է Թուրքիա, թեև հուլիսին նա արդեն եղել էր Անկարայում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ ուրբաթ նա կայցելի Ստամբուլ՝ թուրքական գործարար շրջանակների հետ բանակցություններ վարելու համար։
Որպես հարաբերությունների բարելավման նշան՝ 2024 թվականին Կանադան վերացրել է Թուրքիա զենքի արտահանման արգելքը։ Այդ սահմանափակումները մտցվել էին Թուրքիայի կողմից Սիրիա ռազմական ներխուժումների, ինչպես նաև Հայաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության պատճառով (ներառյալ՝ կանադական արտադրության բաղադրիչներ պարունակող սարքավորումների մատակարարումը)։
Amnesty International-ը հինգշաբթի օրը կոչ է արել Քարնիին իր այցի ընթացքում բարձրացնել մարդու իրավունքների հետ կապված հարցերը։
Նրա այցը տեղի է ունենում Թուրքիայի ընդդիմության դեմ ուղղված ուժեղացված ճնշումների ֆոնին։


