
Դպրոցներում պաշտպանության թիմեր են ստեղծել, բայց դրանց արդյունավետությունը դեռ հայտնի չէ
Հանրակրթական դպրոցների մեծամասնությունում ձևավորվել են սովորողների պաշտպանության թիմեր, սակայն դրանց գործունեության արդյունավետության վերաբերյալ ամբողջական գնահատական ներկայացնելը դեռ վաղ է․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից ու նշել․
«Սովորողների պաշտպանության թիմերը դպրոցում գործող բազմամասնագիտական աշխատանքային խմբեր են, որոնց նպատակն է ապահովել սովորողների ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը, կանխարգելել ու վաղ հայտնաբերել բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակները, ինչպես նաև կազմակերպել անհրաժեշտ աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Թիմերը ձևավորվում են դպրոցի տնօրենի հրամանով։ Կազմում ընդգրկվում են տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը, վարչատնտեսական համակարգողը, դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի և աշակերտական խորհրդի ներկայացուցիչները։ Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ և համապատասխան այլ կառույցների մասնագետներ։
Թիմերի անդամների հաստատուն թիվ սահմանված չէ և ուղղակիորեն պայմանավորված չէ դպրոցում սովորողների թվով։ ԿԳՄՍՆ-ից նաև հայտնել են, որ թիմերի անդամների համար առանձին հաստիքներ կամ լրացուցիչ վարձատրության չափեր սահմանված չեն։ Դպրոցի աշխատակիցները թիմի աշխատանքներին մասնակցում են իրենց պաշտոնի գործառույթների շրջանակում։
Թիմերի հիմնական գործառույթներն են դպրոցում առկա ռիսկերի բացահայտումն ու գնահատումը, կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը, սովորողների պաշտպանության վերաբերյալ հաղորդումների քննարկումը, դեպքերին արձագանքման և անհրաժեշտ աջակցության կազմակերպումը, ինչպես նաև համապատասխան ծառայությունների հետ համագործակցությունը։
Սովորողների պաշտպանության թիմերի գործունեության կազմակերպմանն աջակցելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը լրամշակել է «Դպրոցում սովորողների պաշտպանության և անվտանգության ուղեցույցը»։ Այն ներառում է թիմերի աշխատանքի կազմակերպման մեխանիզմները, բռնության և բուլինգի կանխարգելման, դեպքերի հայտնաբերման, արձագանքման ու ուղղորդման ընթացակարգերը, ինչպես նաև փաստաթղթավորման ձևերն ու մեթոդական գործիքները։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն արդեն իրականացրել է հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողների լայնածավալ վերապատրաստումներ՝ սովորողների պաշտպանության թիմերի գործունեության կազմակերպման, բռնության և բուլինգի կանխարգելման, վաղ հայտնաբերման և համապատասխան արձագանքման ուղղությամբ։ 2025–2026 թվականներին վերապատրաստումներին մասնակցել է 1368 հանրակրթական ուսումնական հաստատությունների 987 հոգեբան, 1408 կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող, 35 148 ուսուցիչ և 145 մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետ։
Բացի այդ, 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2933 մանկավարժ։ 145 դպրոցում մենթորներն աջակցել են սովորողների պաշտպանության և անվտանգության ապահովման ընթացակարգերի ներդրմանն ու կիրառմանը։
Կենտրոնն այժմ մշտադիտարկում է դպրոցներում սովորողների պաշտպանության թիմերի ձևավորումն ու գործունեությունը։ Ուսումնասիրության շրջանակում կգնահատվեն թիմերի կազմը, աշխատանքների կազմակերպումը, գործառույթների բաշխումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը և դեպքերին արձագանքման ընթացակարգերի կիրառումը։
Նախարարությունից նշել են, որ թիմերի ձևավորման փաստացի վիճակի և գործունեության արդյունավետության վերաբերյալ առավել ամբողջական գնահատական հնարավոր կլինի ներկայացնել մշտադիտարկման արդյունքների ամփոփումից հետո։
Անի Աբաղյան


