
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում, և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ՝ Իրանը ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքի նորմերի և պարտավորությունների շրջանակում», -Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն ծավալելու իր իրավունքը և ակնկալում, որ այն կհարգվի։
Փեզեշքիանը հակասական և ոչ կառուցողական է որակել այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշման, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, մինչդեռ Իրանի վրա հարձակումներին զուգահեռ հնչում են բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններ։
Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը ինչպես իրանական հասարակության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում։


