
Չինական բրենդները խզել են կապերը Կիլիան Մբապեի հետ՝ «բռնապետի» մասին արված մեկնաբանության պատճառով
Չինաստանում մի շարք խոշոր ապրանքանիշեր խզել են համագործակցությունը Կիլիան Մբապեի հետ՝ տեսանյութի պատճառով, որտեղ ֆրանսիացի ֆուտբոլային գերաստղը, ենթադրաբար, ծաղրել է Մաո Ցզեդունին․ հայտնում է Politico-ն։
X սոցիալական հարթակում լայնորեն տարածված տեսանյութում Մբապեին հարցնում են իր մասնակցությամբ համացանցային ամենազվարճալի մեմի մասին։ Նա պատասխանել է, որ դա մի մեմ է, որտեղ իր դեմքը Photoshop-ի միջոցով տեղադրված է «ինչ-որ մեկի, կարծեմ՝ չինացի բռնապետի» դեմքի փոխարեն։
Չինաստանում Մաո Ցզեդունի՝ երկրի ժամանակակից հիմնադիր առաջնորդի վերաբերյալ կատակները համարվում են անհարգալից։ Ըմպելիքներ արտադրող Dongpeng-ը և կաթնամթերքի հսկա Mengniu-ն հայտարարել են ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրերը դադարեցնելու մասին, թեև որպես պատճառ տեսանյութը չի նշվել։
«Մեր ընկերությունը կտրականապես դեմ է ազգային զգացմունքները վիրավորող ցանկացած վարքագծի և որդեգրել է «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն», - նշվում է Dongpeng-ի հայտարարությունում։
«Մեր ընկերությունն անհապաղ դադարեցնում է ցանկացած համագործակցություն Կիլիան Մբապեի հետ», - հայտարարել է Mengniu-ն։
Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն դադարեցնում է իսպանական Լա Լիգայի հանդիպումների հեռարձակումը։ Մբապեն հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում։


