29 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Bloomberg-ն ու առևտրային ընկերությունները կվճարեն Թրամփին Truth Social-ին ավելի արագ հասանելիություն ստանալու դիմաց․ Reuters

Bloomberg-ն ու առևտրային ընկերությունները կվճարեն Թրամփին Truth Social-ին ավելի արագ հասանելիություն ստանալու դիմաց․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնած Truth Social սոցիալական հարթակը պայմանագրեր է կնքել լուրերի և տվյալների մատակարար Bloomberg-ի, ինչպես նաև Ուոլ Սթրիթի երկու ընկերությունների հետ՝ նախագահի գրառումներին ավելի արագ հասանելիություն ապահովելու նպատակով։ Այս ծառայության դիմաց վճարը հասնում է ամսական մինչև 100․000 դոլարի․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին անմիջականորեն ծանոթ աղբյուրների։

Թեև Truth Social-ի՝ վճարովի հասանելիության մոդելն իրավական առումով դեռևս չփորձարկված դաշտ է մտնում, Intercept Media-ն և Freedom of the Press Foundation-ը օգոստոսին դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ։ Նրանք պահանջում են արգելել Սպիտակ տանը պաշտոնական կառավարական հայտարարությունները հրապարակել բացառապես Truth Social-ում, քանի դեռ գործում է վճարովի հասանելիության համակարգը։

Դատական գործընթացը դեռ շարունակվում է. հայցում նշվում է, որ կառավարական տեղեկատվության ստացման ճանապարհին ֆինանսական խոչընդոտներ ստեղծելը կարող է հակասել Սահմանադրությանը և արտոնյալ դիրք ստեղծել Ուոլ Սթրիթի հարուստ ընկերությունների համար։

Trump Media-ն իր հայտարարության մեջ նշել է. «Truth Social-ն առաջարկում է ոլորտի չափանիշներին համապատասխանող API արտադրանք, որի նկատմամբ տարբեր ոլորտներում զգալի պահանջարկ կա։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում հաճախորդների տվյալների գաղտնիությանը։ Այս հրապարակումները հիմնված են անանուն աղբյուրների կողմից տարածվող ապակողմնորոշիչ տեղեկությունների վրա, որոնց նպատակն է վնաս հասցնել մեր ընկերությանը, հաճախորդներին և բաժնետերերին»։

Նախագահի ընտանեկան հիմնադրամին է պատկանում Trump Media-ի բաժնետոմսերի 41%-ը, իսկ Թրամփն այդ հիմնադրամի միակ շահառուն է։

Ընթացիկ տարում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 50%-ով։ Ֆոնդային շուկա մուտք գործելուց ի վեր Trump Media-ի շուկայական արժեքը զգալի տատանումներ է գրանցել. 2024 թվականի մարտին՝ առևտրի մեկնարկի ժամանակ, այն կազմում էր մոտ 8 միլիարդ դոլար, իսկ այժմ՝ մոտ 1,8 միլիարդ դոլար։ 2024 թվականից ի վեր ընկերությունը կրել է մոտ 1,76 միլիարդ դոլարի վնաս՝ ներառյալ ոչ դրամական ծախսերը։

Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ Թրամփ կրտսերն ընտանեկան հիմնադրամի կառավարիչն է (trustee)՝ ունենալով քվեարկելու և ներդրումային որոշումներ կայացնելու բացառիկ իրավունք։

Սպիտակ տան խոսնակ Դևիս Ինգլը հայտարարել է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներն անմիջականորեն ներգրավված չեն ներդրումային պորտֆելին վերաբերող որոշումների կայացման գործընթացում, սակայն նա չի անդրադարձել այն մեղադրանքներին, թե նախագահը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ