03 Նոյ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ ամերիկացիները չեն աջակցում Թրամփին․ Financial Times-ի հարցումը

Ինչո՞ւ ամերիկացիները չեն աջակցում Թրամփին․ Financial Times-ի հարցումը

ԱՄՆ ընտրողների ավելի քան երկու երրորդը դժգոհ է նախագահ Դոնալդ Թրամփի գործելաոճից՝ կապված գնաճի և ապրանքների մատչելիության հետ։ Սա Սպիտակ տան և հանրապետականների հասցեին հնչող կոշտ քննադատություն է՝ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների նախաշեմին․ գրում է Financial Times-ը։

FT-ի և Focaldata-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ընտրողների գրեթե 70 տոկոսը բացասական է գնահատում Թրամփի քայլերն՝ ուղղված գնաճի և կյանքի թանկացման խնդիրների լուծմանը։

Հարցին, թե ի՞նչ են նրանք առավելապես ակնկալում միջանկյալ ընտրություններից հետո, հարցվածների մեծ մասը որպես գլխավոր առաջնահերթություն նշել է «գների նվազումն ու տնտեսության ամրապնդումը»։

Վառելիքի գների կտրուկ աճը և այլ ապրանքների թանկացումը, որոնք կապվում են հանրության աջակցությունը չվայելող Իրանի դեմ Թրամփի պատերազմի հետ, ծանր բեռ են դարձել ընտրողների համար։ Այս ընտրությունները որոշիչ կլինեն այն հարցում, թե արդյո՞ք դեմոկրատներին կհաջողվի իրենց ձեռքը վերցնել Կոնգրեսի կառավարումը։

Հարցումների մեծ մասը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում, իսկ որոշ տվյալներով՝ նրանք կարող են վերահսկողություն ստանալ նաև Սենատի նկատմամբ։ Կիրակի New York Times-Siena-ի հրապարակած հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատներն առաջատար են Սենատի համար պայքարի գրեթե բոլոր յոթ «անորոշ ելքով» (toss-up) ընտրատարածքներում։

Թեև ընտրողների կարծիքները բաժանված են այն հարցի շուրջ, թե արդյոք Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնությունը կհանգեցնի տնտեսական վիճակի բարելավմանը, ընտրողների զգալիորեն ավելի մեծ մասը (ներառյալ անկախ ընտրողները) կարծում է, որ դեմոկրատներն ավելի արդյունավետ են գործում գնաճի և կյանքի թանկացման խնդիրների կարգավորման հարցում, քան հանրապետականները։

Ընտրողները նշել են, որ բացի կյանքի թանկացումից, միջանկյալ ընտրություններից հետո ակնկալում են նաև կոռուպցիայի նվազում։ FT-ի (Financial Times) հարցման մասնակիցների շրջանում «կառավարական կոռուպցիայի կրճատումը» երկրորդ ամենակարևոր խնդիրն է՝ զիջելով միայն «գների իջեցմանն ու տնտեսության ամրապնդմանը»։

Ընտրարշավի վերջին շաբաթներին կոռուպցիան դարձել է ընտրողների դժգոհության հիմնական պատճառներից մեկը։ FT-ի՝ հոկտեմբերի կեսերին անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների մոտ 69 տոկոսը (այդ թվում՝ 2024 թվականին Թրամփի օգտին քվեարկածների գրեթե 50 տոկոսը) մտահոգված է գործող վարչակազմում առկա կոռուպցիայով։

Ներգաղթի և սահմանների անվտանգության հարցերում Թրամփն ու նրա կուսակցությունը պահպանել են աջակցությունը. հարցվածների մոտ 50 տոկոսը կարծում է, որ հենց Հանրապետական կուսակցությունն է լավագույնս կարողանում լուծել այդ խնդիրները։

Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է նրան, թե ինչ արդյունքներ են ընտրողներն ակնկալում միջանկյալ ընտրություններից, հարցվածների միայն 28 տոկոսն է ներգաղթի խնդիրը ներառել այն երեք հիմնական հարցերի շարքում, որոնց լուծումը կամ բարելավումը ցանկալի կլիներ ընտրություններից հետո։ Ավելի մեծ կարևորություն է տրվել առողջապահության ավելի մեծ հասանելիությանը և արտասահմանյան պատերազմներին ԱՄՆ-ի մասնակցության կրճատմանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ