08 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2028-ին Լուսին կուղարկվի միջուկային էներգիայով աշխատող լուսնագնաց

2028-ին Լուսին կուղարկվի միջուկային էներգիայով աշխատող լուսնագնաց

NASA-ն ծրագրում է 2028 թվականի վերջին դեպի Լուսնի հարավային բևեռ ուղարկել միջուկային էներգիայի աղբյուրով աշխատող վեցանվանի PROMISE լուսնագնացը․ հայտնել է ամերիկյան տիեզերական գործակալությունը:

«Մենք լուսնային բազա ենք կառուցում առաքելություն առ առաքելություն: Երբ մեր տիեզերագնացները վերադառնան Լուսին, լուսնային բազայի առաջին տարրերն արդեն սպասելիս կլինեն նրանց մակերևույթի վրա»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Ջարեդ Այզեքմանը:

PROMISE-ը՝ բևեռային դիտարկման, քարտեզագրման և տեղում հետազոտություններ կատարելու ռովերը (սարքավորում- խմբգ․), ուսումնասիրելու է մակերևույթն ու հողաշերտը, գնահատելու է պոտենցիալ ռեսուրսները և տվյալներ է հավաքագրելու ապագա վայրէջքի վայրերի ընտրության համար: Միջուկային էներգիայի աղբյուրը ապարատին թույլ կտա աշխատել երկարատև լուսնային գիշերների ընթացքում և ստվերոտ շրջաններում, որտեղ, ենթադրվում է, որ կարող է սառույց լինել:

NASA-ի տվյալներով՝ լուսնագնացը կհամալրվի մոտ 1 մետր խորությունից հողանմուշներ վերցնելու համար նախատեսված հորատիչով, սպեկտրոմետրերով, ջերմաստիճանի և ռադիացիայի «սենսորներով», ինչպես նաև տեսախցիկներով: Առաքելությունը նախատեսված է 18 ամսվա համար:

PROMISE-ի հավաքումը և առաքելության կառավարումն իրականացնելու է Ռեակտիվ շարժման լաբորատորիան (JPL): Ապարատի համար կօգտագործվեն Curiosity և Perseverance մարսագնացների պահեստային թռիչքային բաղադրիչներն ու ինժեներական նմուշները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ