10 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի պատվիրակության և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի պատվիրակության և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի պատվիրակության և Եվրամիության ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև համակարգող հանդիպում՝ Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններից առաջ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Ուկրաինայի պատվիրակության կազմում են Կիրիլո Բուդանովը, Դավիթ Արախամիան, Սերգեյ Կիսլիցան և Վադիմ Սկիբիցկին։

«Մենք կհամակարգենք մեր դիրքորոշումները և հետագա քայլերը բանակցությունների հաջորդ փուլից առաջ», - նշել է Ումերովը։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլը կլինի Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունը։

Ումերովը որպես Ուկրաինայի հիմնական առաջնահերթություններ նշել է ռազմական գործողությունների դադարեցումը, պատերազմից հետո հուսալի անվտանգային երաշխիքների ապահովումը, տնտեսական վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծումը։

«Մենք աշխատում ենք այս հարցերում առավելագույն առաջընթաց գրանցելու և խաղաղությունը մոտեցնելու ուղղությամբ», - ընդգծել է նա։

Նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններ կանցկացվեն Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ