
Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում օկուպացված Արցախում
Թուրքական «Ajans Haber» լրատվական կայքում հրապարակվել է «Ղարաբաղի վերակառուցման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը» վերնագրով հոդված, որում անդրադարձ է կատարվում Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» թուրքական ընկերությունների իրականացրած ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերին․ գրում է Ermenihaber-ը։
Հոդվածում նշվում է, որ շուրջ 20 թուրքական ընկերություն տարածաշրջանում իրականացնում է մոտ 50 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 5 մլրդ դոլարի։ Միաժամանակ, ըստ Անկարայում Ադրբեջանի դեսպանության տվյալների, թուրքական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող նախագծերի թիվը հասնում է 111-ի։
Հրապարակման համաձայն՝ թուրքական ընկերությունները ներգրավված են ճանապարհաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում։ Մասնավորապես, «Cengiz İnşaat» ընկերությունը մասնակցում է Թողանալը-Քարվաճառ-Իսթիսու ավտոճանապարհի և Մռավի 23.4 կմ երկարությամբ թունելի կառուցմանը։ Ընկերությունն իրականացրել է նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհային նախագծեր։ Նշվում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերություն։
Գյուղատնտեսության ոլորտում առանձնացվում է Կովսականում (Զանգելան) թուրք-ադրբեջանական համատեղ ներդրումներով ստեղծված «Dost Agropark» համալիրը։ Էներգետիկայի ոլորտում հիշատակվում են Ջրականում (Ջաբրայիլ) 28.3 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայանի կառուցման, ինչպես նաև Քարվաճառի և Բերձորի (Լաչին) շրջաններում հինգ փոքր հիդրոէլեկտրակայանների վերականգնման ու կառուցման նախագծերը։
Հոդվածում ընդգծվում է, որ «Ղարաբաղի վերակառուցման գործընթացը թուրքական ընկերությունների համար տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը»։


