
Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների ծնողները հանդիպել են վարչական շրջանի ղեկավարին
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն ընդունել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտների ծնողներին՝ քննարկելու դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը։
Վարչական շրջանի կրթության բաժնի պետ Հասմիկ Մալաքյանն ABC Media-ին փոխանցեց, որ ծնողները հիացած են Իրինա Մկրտչյանով, ուստի ցանկանում են, որ նա շարունակի լինել դպրոցի տնօրեն, հակառակ դեպքում պատրաստ են պայքարել Մկրտչյանի համար։
«Ծնողները հիացած են Իրինա Մկրտչյանի աշխատանքով, իրենք որևէ խոչընդոտ չեն տեսնում տեսանյութի առնչությամբ, նույնիսկ մեղադրում են տեսանյութը հրապարակած անձին։ Ծնողները նշել են, որ չէր կարելի անձնական խնդիրը հանրայնացնել»,-ասաց Մալաքյանը։
Ծնողները նշել են, որ նա շատ լավ տնօրեն է։
«Ըստ ծնողների՝ նա շատ լավ կարողանում է դպրոցի երեխաների խնդիրները լուծել, մոտիվացնել։ Շատ էին խնդրում, որ այդ տեսանյութի հետ կապված որևէ քայլ չձեռնարկվի, Մկրտչյանին աշխատանքից չազատեն։ Մեզ տեղեկացրին, որ եթե նման բան լինի՝ իրենք կբողոքեն որոշման դեմ»,- ասաց կրթության բաժնի պետ Հասմիկ Մալաքյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է վերջինս կաթուցիչով անհայտ նյութ ծխում։
Մկրտչյանն ինքն էլ էր անդրադարձել տեսանյութին, նա նշել էր, որ այն ունի 8-9 տարվա վաղեմություն։ Դպրոցի տնօրենը պնդել էր, որ տեսանյութ հրապարակողն իր նախկին ամուսինն է եղել։
Սեդա Մակարյան


