
Հայաստանում կառավարության հակառակորդ լինելը հավասարազոր է մահապատժի․ Իրինա Յոլյանը՝ ТАСС-ին
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցներն ու անդամները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև՝ Երևանում։ Նրանք պահանջում են արդար հետաքննություն անցկացնել ընդդիմադիր կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան գործով, որը տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես ТАСС-ի թղթակցին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, նրանք եկել են Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու ՀՀ գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
«Եվրոպական կառույցները պետք է հստակ գնահատական տան տեղի ունեցածին»,- նշել է Յոլյանը։
«Հայաստանում կառավարության հակառակորդ լինելը հավասարազոր է մահապատժի։ Մենք տեսնում ենք, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք նույնիսկ քաղաքականապես ակտիվ չեն, բայց որևէ անհամաձայնություն են հայտնում կառավարության դիրքորոշման հետ, բանտարկված են»,- նշել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունները երկրում ներդրել են մարդկային արժանապատվությունը վարկաբեկելու և նվաստացնելու մեխանիզմ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաղորդվել է 46-ամյա Արսեն Գևորգյանի մահվան մասին։ Հոկտեմբերի 21-ին դատարանի որոշմամբ Գևորգյանը դատապարտվել էր 2-ամսյա կալանքի՝ կաշառք տալու մեղադրանքով։
Գևորգյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Ընդդիմությունը Գևորգյանի մահվան համար մեղադրել է ՀՀ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


