
«Մենք եկել ենք ձեզ ոչնչացնելու»․ Իտալիայում առնվազն 300 դպրոց է տարհանվել
Իտալիայի տարբեր շրջաններում առնվազն 300 դպրոց է տարհանվել՝ էլեկտրոնային փոստով ռումբի առկայության մասին ահազանգեր ստանալուց հետո․ հայտնում է Euronews-ը։
Իտալիայի կրթության նախարարի խոսքով՝ նամակում նաև ուղղակի սպառնալիք է պարունակվել՝ ուղղված Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին։
Նամակը սկսվել է հետևյալ խոսքերով. «Մենք եկել ենք ձեզ ոչնչացնելու։ Մենք ցեղասպանություն ենք իրականացնելու իտալացիների դեմ»։
Նշվել է, որ շենքում տեղադրված է «հզոր պայթուցիկ սարք»՝ «հեռակառավարվող գործարկիչով»։
«Մենք ռումբ ենք տեղադրել ձեր վարչապետի մեքենայի շարժիչի վրա»,- նշվել է նամակում, որը ստորագրված է «Միխայիլ Անդրոպով՝ Միսոգինիստանի վիլայեթի առաջնորդ»։
Անցած շաբաթ Իռլանդիայի և Բուլղարիայի լրատվամիջոցներին ուղարկված՝ ռումբի առկայության մասին նմանատիպ սպառնալիքները նույնպես ուղարկվել էին «Միխայիլ Անդրոպով» անունը կրող անձի կողմից։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան հայտնել է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 300 ահազանգ՝ հավելելով, որ «ակնհայտ է՝ այստեղ որոշակի ռազմավարություն կա»։
Էլեկտրոնային նամակների բովանդակությունը դեռ պետք է ստուգվի, իսկ իշխանություններն անվտանգության ստուգումներ են իրականացնում՝ աշակերտների, ուսուցիչների և դպրոցի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։
Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նույնպես անդրադարձել է միջադեպին՝ հայտարարելով, որ խորհրդարանին զեկուցելու է իրավիճակի և ընդհանուր անվտանգությանն առնչվող հարցերի մասին։
Նա նաև նշել է, որ ռումբի առկայության մասին ահազանգերն ապակայունացման ռազմավարության մաս են։


