
Բելառուսի ԱԳՆ-ն կոչ է արել սահմանափակել «կեղծ դաշնակիցների» համար ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունը
Անհրաժեշտ է սահմանափակել գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերին հասանելությունը կեղծ դաշնակիցների համար. այս մասին, TАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը։
Ռիժենկովը նշել է Հայաստանի վերջին դիրքորոշումը ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության նման ինտեգրացիոն կառույցներին մասնակցելու վերաբերյալ։
«Սա պասիվ մասնակցություն է, որոշակի գիտելիքների և այդ միավորումներին մասնակցելուց ստացված որոշակի առավելությունների շահագործում սեփական եսասիրական շահերի համար, որոնք չեն համապատասխանում ինտեգրացիոն միավորումների նպատակներին։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք ուժեղ լինել, միասնական լինել քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերում։ Գիտեք, իրավիճակն այսպիսին է. ես կընտրեմ ձեզնից այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ գազի, նավթի որոշակի գներ, իմ ապրանքների տեղափոխումը վերջնական սպառողին, իսկ մնացածը մեզ չի վերաբերում», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Երևանի այս վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ ՀԱՊԿ-ի շրջանակում։
«Այդ իսկ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է քվոտային որոշ աշխատակիցների գործուղումն ու նրանց մասնակցությունը կազմակերպության որոշումների ընդունման հարցում։ Վստահ եմ, որ կսահմանափակվի նաև հասանելիությունը մի շարք գաղտնի փաստաթղթերի։ Ինչո՞ւ պետք է կեղծ դաշնակցին լիարժեք հասանելիություն տանք գաղտնի փաստաթղթերին», - նշել է Ռիժենկովը։
Նախկինում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել էին զրկել Հայաստանին ձայնի իրավունքից և իրենց ներկայացուցիչներին նշանակել կազմակերպության բարձր պաշտոններում՝ «երկու տարվա ընթացքում բյուջետային պարտքերը մարելու պարտավորությունները» չկատարելու պատճառով։ Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի խոսքով, գագաթնաժողովում Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հեռացնելու հարցը չի բարձրացվել։


