
Էրդողանը խոստովանել է՝ Թուրքիան լուրջ խնդիրների առաջ է և կոչ արել մարդկանց չկորցնել հույսը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը մի քանի հիմնական ոլորտներում շարունակում է բախվել մարտահրավերների։
Ամենախնդրահարույց ոլորտների շարքում նա առանձնացրել է տնտեսությունը, տեխնոլոգիական զարգացումը, կրթությունը, անվտանգությունը և ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը։
Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ուսանողների առջև ելույթ ունենալով՝ թուրք առաջնորդը կոչ է արել երիտասարդ սերնդին մնալ հույսով լի և ավելի ակտիվորեն ներգրավվել հասարակական և քաղաքական կյանքում։ Էրդողանն ընդգծել է, որ պետության շարունակական ամրապնդումը մեծապես կախված է երիտասարդ քաղաքացիների նախաձեռնողականությունից և ինքնավստահությունից։
Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից մեկը մնում է սպառողական գների աճը։ Հոկտեմբերին տարեկան գնաճը հասել է 29.8%-ի՝ նախորդ ամսվա 29.7%-ի համեմատ։ Ամսվա ընթացքում ապրանքների և ծառայությունների գները միջինում աճել են 2.58%-ով, որոնցից ամենաէական աճը վերաբերել է սննդամթերքին, խմիչքներին, հագուստին և կոշիկին։
Գնային ճնշման պայմաններում՝ Թուրքիայի կենտրոնական բանկը հոկտեմբերի 22-ին այս տարի առաջին անգամ մեղմացրել է դրամավարկային քաղաքականությունն՝ իր հիմնական տոկոսադրույքը 37%-ից իջեցնելով մինչև 36%։ Կարգավորողը նաև զգուշացրել է, որ աշխարհաքաղաքական անկայունությունը և թանկարժեք էներգետիկ ռեսուրսները շարունակում են լրացուցիչ ռիսկեր ստեղծել գնաճի դանդաղեցման համար։


