
Նախկին ԱԽՔ-ի հարցազրույցից կարելի է ենթադրել՝ նոր էսկալացիայի պարագայքում մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե 3-րդ կողմ չմիջամտի․ ադրբեջանագետ
Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ լրագրողը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը․․․»։
Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։
Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը»,- նշում է Հայրապետյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։


