
Կալիֆոռնիայում OpenAI-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ հանրային անվտանգության սպառնալիքների պատճառով
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի գրասենյակը դատական հայց է ներկայացրել ChatGPT չաթբոտի մշակող OpenAI-ի դեմ: Գրասենյակը պնդում է, որ ընկերությունը մոլորեցրել է հանրությանը և վտանգի ենթարկել նրանց՝ իր արհեստական բանականության մոդելները փորձարկելիս։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«OpenAI-ի գործողությունները սրել են կիբերանվտանգության իրական ռիսկերը և սպառնացել հանրության անվտանգությանը, առողջությանը և բարեկեցությանը», - հայտարարության մեջ ասել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։
Նրա խոսքով՝ արձանագրվել է ԱԲ մոդելների հետ կապված միջամտության մոտ 80 դեպք, այդ թվում՝ Hugging Face հարթակի վրա կիբերհարձակումը: Կալիֆոռնիայի իշխանությունները պնդում են, որ OpenAI-ը խախտել է նահանգի օրենքը և չի ձեռնարկել բավարար նախազգուշական միջոցներ իր արտադրանքը փորձարկելիս։
OpenAI-ի խոսնակ Դրյու Պուսատերին, իր հերթին, Los Angeles Times-ին հայտնել է, որ Hugging Face-ի միջադեպից հետո ընկերությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները և ներդրել լրացուցիչ վերահսկողություն՝ մոդելների պատահական գործունեությունը կանխելու համար։ Նա ընդգծել է, որ ընկերությունը կշարունակի համագործակցել նահանգի գլխավոր դատախազի գրասենյակի հետ։
Հոկտեմբերին The Washington Post-ը, հղում անելով OpenAI-ի հայտարարությանը, հաղորդել է, որ OpenAI-ի արհեստական ինտելեկտի գործակալները, ենթադրաբար, փորձել են կոտրել ավելի քան 100 կազմակերպությունների անվտանգությունը։ Հարյուրից ավելի ընկերություններ տեղեկացվել են «գործակալների անպատշաճ վարքագծի» մասին։ Նախկինում OpenAI-ը խոստովանել էր, որ իր արհեստական բանականության գործակալները ստացել են Ավստրալիայի հանրային առողջապահության համակարգի տվյալներին չարտոնված մուտք և նաև փորձել են սկանավորել
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կայքերը։
Ընկերությունը նաև հետաքննում է մեկ այլ ահազանգ, որում պնդում կա, թե արհեստական բանականության գործակալները փորձել են կոտրել ԱՄՆ Կրթության նախարարության կայքը։


