
Բաքուն, Թբիլիսին և Աստանան միավորում են ուժերը «Միջին միջանցքն» ընդլայնելու համար
Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը խորացնում են համագործակցությունը «Միջին միջանցքի» զարգացման համար, որը Չինաստանը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ կապող զարգացող առևտրային երթուղի է՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով մինչև Սև ծով․ գրում է Euronews-ը։
Երեք երկրները մշակել են համատեղ ծրագիր, որի նպատակն է բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքներն, օպտիմալացնել լոգիստիկան և միջսահմանային առևտուրն ավելի արագ ու արդյունավետ դարձնել։
Համատեղ ծրագիրը մշակվել է այն ժամանակ, երբ եվրոպական ընկերություններն ուսումնասիրում են երթուղու երկայնքով նոր ներդրումային հնարավորություններ, այդ թվում՝ Ղազախստանում առաջարկվող 50 միլիոն դոլարի (45.4 միլիոն եվրո) լոգիստիկ կենտրոնի և սահմանային անցակետերում ուշացումները կրճատելուն ուղղված թվային նախագծի շրջանակներում։
Միևնույն ժամանակ՝ Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն, ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը և միջազգային գործընկերության հանձնակատար Ջոզեֆ Սիկելան հանդիպել են ԵՄ անդամ պետությունների, Մոլդովայի Հանրապետության, Թուրքիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարների և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ միջտարածաշրջանային անվտանգության և կապակցվածության վերաբերյալ երկրորդ նախարարական հանդիպման ժամանակ։
Կողմերը նշել են կապակցվածության դերը տնտեսական դիմադրողականության և կայուն աճի պահպանման գործում։
Վերջին զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Եվրամիությունը ձգտում է ամրապնդել տրանսպորտային կապերը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հետ։


