20 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ

Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային զենքի սահմանափակման շուրջ փոխադարձ համաձայնության հասնելը դժվար կլինի, սակայն ինքը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ․ գրում է Reuters-ը։

«Ինձ դուր է գալիս այդ գաղափարը, բայց զուտ բանակցային առումով՝ որպես նախագահ, ինձ համար շատ դժվար է դա իրականացնելը», - Չինաստանում կայացած եռակողմ գագաթնաժողովից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին  ասել է Թրամփը։

Այս այցի ընթացքում Թրամփի գլխավոր առաջնահերթություններից մեկը միջուկային զենքի վերահսկման շուրջ եռակողմ բանակցությունների մեկնարկն էր։ Չինաստանը, սակայն, խուսափում է այս թեմայից, քանի որ ներկայումս մեծ թափով ընդլայնում է իր միջուկային զինանոցը՝ ձգտելով հասնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի գերիշխող մակարդակին։

Ըստ «Ատոմային գիտնականների տեղեկագրի» (Bulletin of the Atomic Scientists)՝ 2023 թվականին Չինաստանն ուներ մոտ 410 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ Միացյալ Նահանգներինը կազմում էր մոտ 3708 միավոր։ Նույն աղբյուրի ավելի ուշ կատարած գնահատականի համաձայն՝ Ռուսաստանի զինանոցը (որն ամենամեծն է աշխարհում) 2026 թվականի մարտի դրությամբ կազմում է մոտ 5420 մարտագլխիկ։

Թրամփը հավելել է, որ Սի Ծինփինը կիսում է իր մոտեցումը միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ, բայց, միևնույն ժամանակ, շատ դժվար է ասել․ «Մենք ունենք 4000 միջուկային զենք, եկեք դրանց կեսից հրաժարվենք։ Դա դժվար է անել»։

Նա ընդգծել է, որ շարունակելու է բարձրացնել այդ հարցը, «քանի որ դա պետք է արվի, թեև հոգեբանորեն դժվար է իրագործել»։

Բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդները «վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն երբեք չպետք է սանձազերծվի», ինչպես նաև հայտնել են, որ «երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ