26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան պետք է  անհնարին դարձնի Ռուսաստանի հաղթանակը․Մակրոն

Եվրոպան պետք է անհնարին դարձնի Ռուսաստանի հաղթանակը․Մակրոն

Եվրամիությունը պետք է համարձակ որոշումներ կայացնի՝ պաշտպանելու Ուկրաինան՝ կանխելով ԱՄՆ ցանկացած որոշում՝ դադարեցնելու կամ նվազեցնելու իր ռազմական աջակցությունն այդ երկրին․ այս մասին ասել է Էմանուել Մակրոնը։

Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնն այս մասին ասել է Շվեդիայում՝ ընդգծելով, որ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը, ներառյալ եվրոպական տարածքն ընդգրկող սպառազինությունների վերահսկման համաձայնագրերը, այլևս չեն կարող կարգավորվել միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, և Եվրոպան պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան:

Բայց Մակրոնը նաև պնդել է, որ եթե Եվրոպան իսկապես արագացնի քայլերը և օգնի կանխել Ռուսաստանի հաղթանակը, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի միջոցով այլևս չի կարող մենաշնորհ ունենալ Մոսկվայի հետ ապագա հարաբերությունները որոշելու հարցում:

Ելույթ ունենալով Շվեդիայի պաշտպանության ակադեմիայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ՝ Մակրոնն ասել է. «Սա վճռական պահ է Եվրոպայի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպանելու և աջակցելու Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է, և անկախ նրանից, թե Ամերիկան ինչ որոշի: Եվրոպան բախտ է ունեցել ունենալ Ամերիկայի պես գործընկեր, բայց մենք պետք է հստակ լինենք: Ուկրաինան եվրոպական մայրցամաքի մի մասն է, և ինչ էլ որ Ամերիկան որոշի, մենք պետք է ճիշտ և համարձակ որոշումներ ընդունենք՝ աջակցելու Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»:

Մակրոնի պնդմամբ՝ Եվրոպան պետք է տարիներ շարունակ անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է  և ինչ գնով էլ լինի, որպեսզի Ռուսաստանի համար անհնարին դարձնի հաղթանակը: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ եթե դա տեղի ունենա, Եվրոպան կմնա առանց անվտանգության գործող ճարտարապետության, որը հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի արևելյան թևում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Մակրոնն ասել է. «Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հաղթանակի իրական գինը չափազանց մեծ է բոլորիս համար»: