Ճանապարհ դեպի Աստված․ լույս է տեսել Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գիրքը
Ծափահարություններ, ժպիտներ, աղոթք․ այս ամենը մեկ դահլիճում էր։ Օրերս լույս տեսավ Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գիրքը:
Երիտասարդը հասցրել է ճանաչում ձեռք բերել համացանցում, որտեղ խոսում է եկեղեցական տոների, Աստվածաշնչի ու առհասարակ քրիստոնեության մասին։ ABC Media-ն Թովմաս Առաքելյանի հետ զրուցել է իր գրքի, սոցիալական կայքերում ակտիվության ու իր անցած ճանապարհի մասին։
-Ինչպե՞ս հղացավ գիրք գրելու միտքը, հե՞շտ էր արդյոք ընթացքը։
–Գիրքը սկսել եմ գրել դեռ ճեմարանում սովորելիս, երբ Գևորգյան հոգևոր ճեմարանի երկրորդ լսարանի ուսանող էի։ Տեսուչ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի կողմից հանձնարարություն ստացա ուսումնասիրելու՝ Հայող եկեղեցու բարեպաշտական սովորությունները՝ մատաղ, մոմավառություն, խնկարկություն, հոգեհանգիստ, անդաստան, տնօրհնեք և այլն։ Բարեպաշտական սովորություններն ուսումնասիրելու արդյունքում երկու տարի անց լույս ընծայեցի ուսումնասիրություն, մենագրություն, որը կոչվում էր «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում»։ Դա իմ առաջին գիրքն էր։ Անշուշտ մեծ աղբյուրագիտական աշխատանք կար արված, բավականին ծանր ուսումնասիրությունից հետո է լույս ընծայվել գիրքը, բայց խիստ ակադեմիական, աստվածաբանական լեզվով է։
–Արդեն բանակից, պատերազմից, սոցիալական ցանցերում ունեցած ծառայությունից հետո, երբ ուզում էի վերահրատարակել այդ գիրքը հասկացա, որ պետք է նախ փոխել լեզուն, դարձնել ավելի մատչելի, ավելի երիտասարդական։ Լեզվի առումով միշտ նշում եմ, որ հենց սկզբից ինձ համար կարևորը հետևալն էր, որ պետք է լինի պարզ, բայց ոչ պարզունակ, հասկանալի, բայց ոչ մատչելի՝ էժանության առումով, եթե նույնիսկ մատչելի, ապա ոչ էժան։ Շատ հաճախ հարցերն էլ դուրս էին զուտ բարեպաշտությունների նեղ շրջանակից՝ գիրքը ընդլայնվեց, ծավալը կրկնապատկվեց և ստացանք «Ճանապարհ» գիրքը շուրջ 350 էջ ծավալով։
-Գիրքը գրելուընթացքում հիասթափություններ եղե՞լ են, եղե՞լ են օրեր, երբ չեք ցանկացել շարունակել։
-Հիասթափություններ բացարձակ չեն եղել, որովհետև ես չափազանց սիրում եմ աստվածաբանությունը, աստվածաբանության հրաշալի աշխարհը, ու մշտապես ուսումնասիրել, կարդալ Հայոց եկեղեցու մասին, կարդալ Հայոց եկեղեցու պատմությունը մեծ հետաքրքրություն էր։ Նման գրքեր գրելիս, բնականաբար, դու չես տրվում երևակայությանը, պետք է ուսումասիրես, ամեն տող գրելու համար պետք է կարդաս հսկայական գրականություն։ Ամեն տեղդ պետք է հիմնավորված լինի Հայոց եկեղեցու ժառանգության, միջնադարյան մեր հայրերի աստվածաբանական գրականության վրա, անհիմն ոչինչ գրել չես կարող։ Յուրաքանչյուր հաստատում պետք է ունենա հիմք, փաստ։ Հետևաբար նման գիրք գրել նշանակում է ուսումնասիրել, ինքը գեղարվեստականացված է, բայց գիտահանրամատչելի է, հետևաբար հիասթափություն չի եղել, բայց եղել են ժամանակներ, որ հասկացել եմ՝ արդեն շատ եմ ծանրաբեռնում ինքս ինձ ու ամիսներով թողել եմ գրելը։ Հետո մեկ էլ մի գիշերում գրել եմ մոտ 30 էջ, այսպես եղել է, բայց սա «բնական ընկերություն է եղել» գրքի հետ։ Գիրքը կոնֆլիկտային չի եղել, ինձ չի տանջել։ Շատ լավ աշխատել ենք միասին։ (Ծիծաղում է)։
-Ովքե՞ր են Ձեզ այս մեծ գործում աջակցել։
–Առաջին հերթին Բագրատ Սրբազանը։ Իր խորհուրդներով մշտապես եղել է գրքի կողքին, Սրբազանը գրել է գրքի նախաբանը, շատ արժեքավոր նախաբան։ Աջակցել է Հայր Գարեգինը, որ խմբագրել է գիրքը։
-Հանրությունը Ձեզ շատ սիրեց հատկապես Ձեր էջից։ Դուք սոցցանցերի միջոցով մեծ աշխատանք եք անում։ Երբ միտքն առաջացավ սոցկայքերում ակտիվանալու՝ վախեր ունեի՞ք։
-Սոցցանցերում վախեր չեմ ունեցել, ավելի շատ պատասխանատվության զգացում էր։ Ինչքան մեծանում է հետևորդների թիվը, ուշադրությունն ու դիտումները, այդքան ավելի պատասխանատվությունն է մեծ։
-Թեպետ շատ եք նշել, թե ինչու «Ճանապարհ» անվանեցիք գիրքը, բայց կխնդրեմ մեր ընթերցողների համար ևս մեկ անգամ պատմել վերնագրի նշանակությունը։ Եվ ի վերջո ի՞նչ է տալու Ձեր գիրքը ընթերցողին։
-Ճանապարհը քրիստոնեության հնագույն անվանումն է, և գիրքն էլ ինքնին ճամփորդությունների միջոցով է պատմում եկեղեցու մասին, և զրույցները ճամփորդության ընթացքում են լինում։ Քրիստոնեությունն ինքնին ճամփորդություն է, իսկ Հայոց եկեղեցին՝ ճանապարհ դեպի Աստված։ Իսկ ընթերցողին գիրքը գիտելիքների մեծ պաշար է տալու։
Սպասե՞նք էլի գրքեր Ձեզնից։
-Կարծում եմ՝ այո։
Սեդա Մակարյան