ABCMEDIA
Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին օգնություն տրամադրել է պետք․ Արտակ Բեգլարյան

Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին օգնություն տրամադրել է պետք․ Արտակ Բեգլարյան

Արցախի
ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի
պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ
ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն
տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու
ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը»,- գրել է նա և հավելել, որ սեպտեմբերի
19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն
19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա:

Բեգլարյանի խոսքով՝ եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված,
վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական
երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի
(1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես
թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող
անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում:

«44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել
և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն
հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն
ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝
2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ»,-
գրել է նա և եզրափակել, որ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ
խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ
և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով: