ՄԻՊ-ն ամփոփում է 2023-ի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները
2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո:
Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք: Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի:
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով.
թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր,գրավոր և բանավոր բողոքներ,զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր,զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ,
ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։
Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ): Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:
Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն:
Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ: