25 Նոյ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դելիմիտացիայի գործընթացը բարդ գործընթաց է. պետք է բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներ լինեն. Մհեր Գրիգորյան

Դելիմիտացիայի գործընթացը բարդ գործընթաց է. պետք է բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներ լինեն. Մհեր Գրիգորյան

Դելիմիտացիայի գործընթացը բարդ գործընթաց է. պետք է բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներ լինեն. Մհեր Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներին նա նշեց, որ ունեն համատեղ հաստատված աշխատակարգ և ինքը բարձր է գնահատում այդ աշխատանքի ձևը:

«Շատ զգայուն հարց ենք քննարկում միասին: Սահմանազատման հարցը, ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Եվ որպեսզի հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ, կառուցողական աշխատանքի, մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությամբ»։

Դիտարկմանը, որ ոչինչ չասող հաղորդագրություններ են տարածվում, փոխվարչապետն արձագանքեց. «Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Եթե ամեն կողմը վերադառնա և սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, դա արդյունավետ չի լինի: Ես արդյունավետ եմ համարում միասնական հրապարակում ունենալը, դա ճիշտ է, որպեսզի դիլետանտական շահարկումներ չլինեն և հարթակի շուրջ մթնոլորտը չփչանա:

Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ հանձնաժողովում հանդիպենք և ինչ-որ բան իրար հանձնենք: Դա շատ նաիվ է: Երկրորդը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել: Ասել, որ գնացել, հանդիպել են ու թաքուն են պահել, անիմաստ խոսակցություն է»,- նշել է փոխվարչապետը:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, փոխվարչապետն ասաց, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ գործընթաց է: «Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն:

Երկրորդը, ըստ նրա,  դելիմիտացիայի գործընթացն իրականում  միայն քարտեզների հետ աշխատանքը չէ, նախ և առաջ իրավական հիմքի ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: «Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- արձանագրել է Մհեր Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է, որ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան Պրահայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմա- Աթայի հռչակագրին, ինչը նշանակում է, որ պետք է գործ ունենան 1991-ի դեկտեմբերի դրությամբ սահմանագիծը վերարտադրելու գործընթացի հետ: