26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տնտեսական աճի պատճառներից մեկը ՌԴ-ի դեմ աշխարհի պատժամիջոցներն են. տնտեսագետ

ՀՀ տնտեսական աճի պատճառներից մեկը ՌԴ-ի դեմ աշխարհի պատժամիջոցներն են. տնտեսագետ

ՀՀ իշխող քաղաքական ուժը շարունակաբար պնդում է, թե իրենց կառավարությունը
կարողացել է հասնել երկնիշ տնտեսական աճի։ Սա հաստատում են նաև Ազգային ժողովում։ «Քաղաքացիական
պայմանագրի» պատգամավորներին չի հուզում անգամ այն փաստը, որ տնտեսագետներն ունեն ճիշտ
հակառակի ապացույցները։ Տնտեսական աճի պատճառը միմիայն արտաքին գործոններն են, որոնք
էլ բացարձակ կապ չունեն ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ։

«Տնտեսական 12,6 տոկոս աճի մեծ մասը եղել է արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ։
Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դրական տնտեսական միջավայրի մասին է։
Ինչո՞ւ պատահական, որովհետև այդ գործոնն արտաքին էր և մեր տնտեսական ներուժի հետ կապ
չուներ»,-ABC Media-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության պնդումներին՝ նշեց տնտեսագետ,
ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հայաստանում տնտեսական աճի օբյեկտիվ պատճառներից մեկն էլ Ռուսաստանի դեմ՝ աշխարհի կիրառած
պատժամիջոցներն են։ Թեպետ իշխանությունը համոզված է, որ դա ամենևին էլ այդպես չէ՝ զբոսաշրջությունն
է զարգացել։

«Իրենք դրա անունը դնում են զբոսաշրջություն, բայց իրականում Ռուսաստանի Դաշնության
քաղաքացիները եկան Հայաստան, նորից թիվը եռապատկվեց և գումարած դրան մեր արտահանումը
կրկնապատկվեց դեպի Ռուսաստան։ Այս ամենն, իհարկե, ոչ թե նրա համար, որ մեր ապրանքները
դարձան ավելի որակյալ կամ ֆինանսապես մրցունակ, այլ դրանք ապրանքներ էին, որոնք ՌԴ-ն
չէր կարող ներկրել այլ երկրից, քանի որ գտնվում է տնտեսկան պատժամիջոցների տակ»,-նշեց
Ավետիսյանը։

Տնտեսագետն ասում է՝ իշխող քաղաքական ուժի այն պնդումը, թե իրենք տնտեսական աճի համար
պայմաններ են ստեղծել՝ չի համապատասխանում իրականությանը։

Սոթքի հանքի մեծ մասը թշնամու մոտ, Երասխում
օտարերկրյա ներդրում իրականացնող ընկերությունը՝ կրակի տակ, Ջերմուկի սարերն էլ՝ թուրքի
ձեռքերում։ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող մի շարք հանքեր, զբոսաշրջության գլխավոր
կետեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության կամ էլ ուղիղ նշանառության տակ, սրանք
խոչընդոտներ են տնտեսական աճի համար, բայց իշխանությանը դա, կարծես թե, չի էլ մտահոգում։

Թադևոս Ավետիսյանը մի քանի անգամ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ խոսել
է տնտեսական անվտանգային գործոնների մասին։ Փոխարենը իշխանությունից ստացել է մանիպուլիացիոն
պատասխաններ։

Ավետիսյանին անհանգստացնում է, որ այսօր արդիական
է ոչ թե լավ ապրելու, այլ գոյապայքարի հարցը։

Տնտեսագետն ասում է՝ երջանկություն խոստացող, աղքատությունը վերացնել խոստացող, խոնարհվող
իշխանությունն իր հպարտ քաղաքացուն տված խոստումներից որևէ մեկը չի իրականացրել, փոխարենն
ունենք միայն կորուստներ ու ցավ։