29 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այնպիսի մարդ չեմ, որ նման արարք թույլ տամ, որևէ մեկին կրակել չեմ ցանկացել. Տիրան Խաչատրյան

Այնպիսի մարդ չեմ, որ նման արարք թույլ տամ, որևէ մեկին կրակել չեմ ցանկացել. Տիրան Խաչատրյան

5 մլն գրավի դիմաց կալանքից ազատ արձակված գեներալ֊լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գոհ է դատարանի որոշումից:

«Իհարկե, հասկանալի է, որ սա վերջնական որոշում չի, և այս միջանկյալ հատվածի համար՝ այո, գոհ եմ»,-ասել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Նա նշել է, որ նախաքննությունը դեռ ընթանում է, ուստի մանրամասներ չի կարող ներկայացնել։
«Ես ցուցմունքներում էլ ասել եմ, որ տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Բնությամբ, բնավորությամբ և իմ էությամբ այդպիսի մարդ չեմ, որ ինձ նման արարք թույլ տամ»,-նշել է Խաչատրյանը։

Դեպքի վայրում հնչած կրակոցի և դրա հետևանքով վիրավորված անձի մասին, Խաչատրյանն ասում է՝ հետևեք ընթացքին, ձեր համար էլ պարզ կլինի, թե կրակոցն ինչ հանգամանքներում է եղել, ինչպես է վիրավորում ստացել։

«Ես որևէ մեկին կրակելու և վիրավորելու ձգտում չեմ ունեցել, փորձ էլ չեմ արել, թեպետ ունեցել եմ հնարավորություն շատ ավելի վատ բաներ անելու»,-ասաց նա։

Խաչատրյանը հակված է կարծել, որ իր կալանավորումը քաղաքական երանգ ունի։

«Ի սկզբանե, նախաքննության ընթացքում նման դրսևորում իմ նկատմամբ եղել է»,-նշեց Տիրան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իրեն պատկանող մարտական զենքից կրակել էր օդ։ Խաչատրյանին ձերբակալել էին, այնուհետև կալանավորել երկու ամիս ժամկետով։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»: