Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայկական օրակարգն էր պակասում․ թուրքագետ
Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումը բավական հետաքրքիր էր, իսկ Հայաստանի համար ամենակարևորը պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը,Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այս հանդիպմանը տարբեր և կարևոր հայտարարություններ են հնչել, ինչը հավասարապես կարևոր էր Հայաստանի համար. այս մասին ABC media– ի հետ զրույցում ասել է թուրքագետ Գևորգ Գալտակյանը։
«Հիքմեթ Հաջիևը այն դասական քարոզչական թեզի մասին խոսեց, որ ՀՀ զինանշանի վրա գտվող Արարատ լեռը տարածքային հավակնություն է Թուրքիայի նկատմամբ։ Այս դիսկուրսի մեջ չէի ցանկանա մտնել։ Շատ կարևոր էր Սերդար Քըլըչի հայտարարությունները․ նրա պնդմամբ՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունները սահմանի բացման վերաբերյալ փակուղի են մտել, այն էլ՝ Հայաստանի մեղքով։ Իրականում Քըլըչը փակագծերը չբացեց, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը, ի թիվս այլոց, Նեմեսիս արձանի տեղադրման մասին էր, որը թուրքական մեդիայում ու դիվանագիտական դաշտում քաոս էր առաջացրել»,- ասել է թուրքագետը։
Արդյոք հայ պատվիրակ Ռուբեն Ռուբինյանը այդ քննարկմանը արդարացրե՞ց իրեն։ Գալթակյանի խոսքով՝ դիվանագիտական փորձի պակասը զգացնել տվեց։
«Սերդար Քըլըչ- Ռուբեն Ռուբինյան երկխոսության ընթացքում Ռուբինյանն ասում է՝ եկեք հենց այսօր բացենք Հայաստան-Թուրքիա սահմանը։ Կարծում եմ՝ Ռուբինյանը գիտի, որ սահմանի բացումը բարդ աշխարհաքաղաքական գործընթաց է և պարզապես հայտարարություններով տեղի չի ունենա։ Սա Հայաստան-Թուրքիա խնդիր լինելուց բացի՝ ունի նաև այլ բաղադրիչները․ օրինակ՝ ՆԱՏՕ- ՀԱՊԿ հարաբերությունը։ Դրան ի պատասխան՝ Սերդար Քըլըչը պատրաստակամություն հայտնեց հանդիպել հայ գործընկերների հետ հենց Հայաստանում»,- ասաց Գևորգ Գալտակյանը։
Թուրքագետը, անդրադառնալով պանելային քննարկման ժամանակ Տոյվո Կլաարի հայտարարություններին, նշել է՝ հավաքական արևմուտքն ու Թուրքիան ամեն-ինչ անելու են, որպեսզի Հարավային Կովկասում ուժեղացնեն Թուրքիայի դերակատարությունն ու հնարավորինս դուրս մղեն Ռուսաստանին։
«Այսինքն՝ հայկական մեդիադաշտում շրջանառվող քննարկումները՝ ՀԱՊԿ-ի անդամակցությանը վերաբերող հարցին, միանշանակ, մեծ խաղի մի մաս են։ Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ խորը վերլուծություններ անի ու հնարավորինս իր շահերն առաջ տանի, ոչ թե սպասարկի այլ երկրների շահերը։ Հայաստանը պետք է ունենա հայակենտրոն քաղաքականություն ու չմտնի մի խաղի մեջ, որտեղ իր ուժը պարզապես բավարար չէ»։
Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումում հայկական օրակարգն էր պակասում՝ ընդգծում է թուրքագետ Գալտակյանը։
Հիշեցնենք, որ Անթալիայում բացվել էր դիվանագիտական ֆորում։ Ֆորումին մասնակցել են ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ 90 նախարար, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակցելու նպատակով Անթալիա է մեկնել նաև հայկական պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։