
Առուշ Առուշանյանը մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու մասին լուրերը
Գորիսի համայքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տարածված լուրերն այն մասին, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», – գրել է Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը 2016-ին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 2021-ից անդամակցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։
Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի դեմ ակցիա իրականացրած պաշտոնյաների թվում էր։
Դրանից հետո Առուշանյանը շուրջ 9 ամիս կալանավորված է եղել՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեղադրանքով։ Այս մասով, սակայն, նա դատարանի որոշմամբ արդարացվել էր։
Մեկ այլ գործով նա 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, սակայն հաշվակցվել էր նրա կալանքի ժամկետը և որպես վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամսով ազատազրկումը, որը, սակայն, պայմանականորեն չէր կիրառվել։
Գորիսի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել էր այն ժամանակ, երբ դեռ կալանավորված էր։