03 Հուն
2025
-5° c ԵՐԵՎԱՆ
-2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մշակութային սպանդով կորցնում ենք Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը․ մշակութաբան

Մշակութային սպանդով կորցնում ենք Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը․ մշակութաբան

Միջազգային հարթակում պետք է բարձրացվի Արցախի ժողովրդի մշակութի իրավունքի պաշտպանության հարցը։ Այս իրավունքը հաստատված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով, ՄԱԿ-ի Տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածով։

Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներn այս պահին չեն օգնում և չեն կանխում Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ապա միգուցե հնարավոր է արցախահայերի մշակույթի իրավունքի հարցը բարձրացնելով որոշակի լուծումների հասնել։ Այս մասին ABC media-ին ասել է Մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։

«Եթե Ադրբեջանը չունի էթնիկական, ռասսայական խտրականության ցանկություն, ապա պետք է թույլ տար արցախահայերին իրացնել մշակութային պահպանման իրավունքը։ Մշակույթը համընդհանուր և ապաքաղաքական պետք է լինի։ Պետք է թույլ տար այցել, ներդրում ունենալ մշակութային ժառանգության կյանքում ու փոխանցել այն սերունդներին։ Այսօր մենք փաստացի սերունդներին փոխանցելու շատ քիչ ժառանգություն ունենք Արցախից, և եթե Ադրբեջանը այս տեմպերով ոչնչացնի եկեղեցիները, արձանները, տարբեր նշանակության շենքերը, տարիներ հետո ոչինչ չենք ունենա»,- նշում է Տիգրանյանը։

Անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուն՝  Տիգրանյանը նշել է, որ ադրբեջանցիների նպատակը ոչ թե շենքի ավիրումն է, այլ արցախցիների մոտ պատականություն ունենալու ցանկությունը, նպատակը կոտրելը։

«Ադրբեջանի նպատակը տարածքին քաղաքականապես իշխելը չէ միայն, այլ հայկականության հետքի, պատմության ոչնչացումը։ Միջազգային հանրությունը ականատես է եղել տարբեր երկրների օկուպացիային ու արձանագրել՝ այդ դեպքում պահպանվել են պետական կառույցները, մշակութային կոթողները։ Հիմա Ադրբեջանը համակարգված կերպով՝ տարածքների անուններից սկսած մինչև նշանակալի կոթողներ ավիրում են»,- ասում է մասնագետը։

Այս վանդալիզմին Հայաստանը համակարգված պատասխան չի տալիս։ Ամբողջ բեռը անհատների ուսերին է՝ ասում է Տիգրանյանը։

Այս պահին Հայաստանը պետք է տարբեր հարթակներով բարձրացնի Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը, բայց, մասնագետի խոսքով, սա կամ չի արվում, կամ անհատներն են անում։