03 Նոյ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժնևում տեղի է ունեցել «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառում

Ժնևում տեղի է ունեցել «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի
14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության»
խորագրով տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ)
կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ․
հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների,
պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու
մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին
ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ
հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման,
հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։

Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների
համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար
և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը  կիսվել է տեղահանության
և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու
սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։

«Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին
պատասխանատվության ենթարկելը և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնումը  չափազանց
կարևոր է»,-ընդգծել է նա։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր
Լուիս Մորենո Օկամպոն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում
են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի
2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն
կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն
համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը
չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և
իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն իր ելույթի ժամանակ ուշադրություն
է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման
զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը:
Տիկին Մասիմինոն ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ
պիտակավորման անհրաժեշտությունը՝ դրանց նկարագրման համար օգտագործելով օրինական ճանաչում
ունեցող տերմիններ։

«Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների
համար պատասխանատվության»,-եզրափակիչ խոսքում  ընդգծել է նա։