Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին մասնակցել են մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ, ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին:
«Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:
Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում»,- ասել է Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին։
Անդրադառնալով «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությանը նշել է, որ, եթե Արևմտյան աշխարհը հետևողական լիներ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից հետո և շարունակեր Թուրքիայից պատասխանատվություն պահանջել, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է։
«Փաստացի, գոյաբանական խնդիրներ կան, որոնց այսօր առնչվում են Հայաստանը և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի համայնքը, ինչպես նաև այն համայնքները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության թիրախում: Այս գոյաբանական խնդիրները պետք է դասեր լինեն համաշխարհային հանրության համար՝ ցեղասպանության կանխարգելման երկարաժամկետ պայքարի համատեքստում»,- նշել է նա և ընդգծել, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, սակայն մենք անցած աշնանը տեսանք, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ը անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով: