13 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն և ԱՄՆ-ն անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

ԵՄ-ն և ԱՄՆ-ն անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին  մասնակցել են մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ, ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին:

«Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:
Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում»,- ասել է Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին։

Անդրադառնալով «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությանը նշել է, որ, եթե Արևմտյան աշխարհը հետևողական լիներ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից հետո և շարունակեր Թուրքիայից պատասխանատվություն պահանջել, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է։

«Փաստացի, գոյաբանական խնդիրներ կան, որոնց այսօր առնչվում են Հայաստանը և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի համայնքը, ինչպես նաև այն համայնքները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության թիրախում: Այս գոյաբանական խնդիրները պետք է դասեր լինեն համաշխարհային հանրության համար՝ ցեղասպանության կանխարգելման երկարաժամկետ պայքարի համատեքստում»,- նշել է նա և ընդգծել, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, սակայն մենք անցած աշնանը տեսանք, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ը անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով: