
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեպքով ոստիկանների ոչ իրավաչափ գործելու մասով պարզաբանումներ ենք պահանջել. ՄԻՊ
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բերման ենթարկման թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ նաև ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել ենք կոնկրետ անձանց: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրավաչա՞փ է համարում Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին այդ ձևով ձերբակալելը:
«Տվյալ համատեքստում մենք առնվազն կասկած ունեցել ենք, դիմել ենք իրավապահ մարմիններին և ՄԻՊ տեսանկյունից պարզաբանումներ ենք պահանջել և դրանք ստանալուց հետո, հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու:
Հարցին, թե նախկին պարզաբանումները ստանալուց հետո, եղե՞լ է դեպք, որ համարել են՝ ոստիկանները խախտել են օրենքը և գործել են ոչ իրավաչափ՝ Մանասյանը ասաց.
«Կարդացե՞լ եք մեր տարեկան զեկույցը։ Առանձնացրել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և նվազագույն իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Ավելին ասեմ՝ արձանագրել ենք առերևույթ բռնության հետ կապված խնդիրներ։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ը քննություն իրականցնող մարմին չէ, դատարան չէ։ ՄԻՊ-ի խնդիրը համակարգային խնդիրները բացահայտելն է»։