Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված․ Աբրահամյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը իբր Զինված ուժերի Գլխավոր շտաբից է, ինչը հավանական չի համարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է: Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը»,- «Facebook»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։
Աբրահամյանը ընդգծել է՝ Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և դրանք բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված: