Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկում սկսելով Ուկրաինա ռազմական միջամտության մասին. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումներ իրականացնելով․ TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ զոհաբերում են սեփական երկրների ազգային շահերը քաղաքական իրավիճակին ու ընտրական շահերին։
«Թվում է, թե նրանք չեն գիտակցում էսկալացիայի վտանգը և ռիսկի աճը։ Սա քաղաքական ինֆանտիլիզմ է։ Մեր նախազգուշացումները Կիևի ռեժիմին զինելու հետևանքների մասին, անտեսվում են», – ընդգծել է Պոլիշչուկը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։