Իրանցիները հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն․ Վարդան Ոսկանյան
Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պատասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքին՝ Նեգևի անապատում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։
Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար», – գրել է Ոսկանյանը։