19 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքերը Արցախում. այդ պարագայում խաղաղապահների ներկայությունը կարող էր հակամարտության բերել․ Զատուլին

Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքերը Արցախում. այդ պարագայում խաղաղապահների ներկայությունը կարող էր հակամարտության բերել․ Զատուլին

Երբ Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանը ճանաչեց այն որպես Ադրբեջանի մաս, բացարձակապես բոլոր հայերը դուրս եկան տարածաշրջանից։ Սրանից ելնելով՝ ռուս խաղաղապահների կարիք Ղարաբաղում այլևս չկա, Газета.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Կարելի էր կառչել հայ բնակչության որոշ մասի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից։ Կարելի էր պաշտպանել այն միտքը, որ նրանք [ռուս խաղաղապահները] այնտեղ են, որպեսզի երաշխավորեն հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների պահպանումը… Բայց դա ամբողջովին կախված էր Ադրբեջանի բարի կամքից… Ըստ ամենայնի, Ադրբեջանը պատրաստվում է իրենով անել այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի առկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները հակամարտությունների պատճառ կդառնային»,- նշել է Զատուլինը։

Նա հավելել է, որ խաղաղապահները կհայտնվեին երկու քարի արանքում։ Եթե ​​նրանք սկսեին բողոքել Ղարաբաղում Բաքվի գործողությունների դեմ, դա կբարդացներ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Եվ եթե նրանք չբողոքեին, ինչպես 2023-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ, դա Երևանին հիմք կտար մեղադրելու խաղաղապահներին՝ «պարզապես վիճակագիր և Ադրբեջանի հանցակից լինելու համար»։

Արդյունքում խաղաղապահների դուրսբերումը «միանգամայն բնական է», եզրափակել է պատգամավորը։ Դրա պատճառով ռազմական էսկալացիա չի լինի, կարծում է Զատուլինը։

«Պատերազմ կարող է լինել, եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, ովքեր դադարեն զիջել Հայաստանի տարածքը և հայկական ազգային շահերը, Ադրբեջանը չի համաձայնի սրա հետ։ Բայց այսօրվա իրավիճակում ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հեռանկար՝ կապված ռուս խաղաղապահների հեռանալու հետ», – ասել է պատգամավորը։