Իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել
Իրանի հակաօդային պաշտպանությունը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել երկրի կենտրոնական հատվածում՝ Սպահանի երկնքում, հայտնում է IRIB գործակալությունը։
«Մի շարք հաղորդագրություններ մատնանշում են, որ մի քանի փոքր անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել Սպահան նահանգի օդային տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։ Reuters-ը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հաստատել է, որ հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության աշխատանքի արդյունք են եղել։
Սպահանում, ըստ Fars գործակալության, երեք պայթյուն է լսվել։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող էր լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները վնասվել են: Իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ Սպահանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։
IRNA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումները նաև Իրանի այլ նահանգներում։ Մասնավորապես, պայթյունի ձայներ են լսվել Թավրիզի արևմուտքում և Վադի-է Ռահմաթ շրջանում։ Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։