ABCMEDIA
Իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել

Իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել

Իրանի հակաօդային պաշտպանությունը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել երկրի կենտրոնական հատվածում՝ Սպահանի երկնքում, հայտնում է IRIB գործակալությունը։

«Մի շարք հաղորդագրություններ մատնանշում են, որ մի քանի փոքր անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել Սպահան նահանգի օդային տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։ Reuters-ը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հաստատել է, որ հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության աշխատանքի արդյունք են եղել։

Սպահանում, ըստ Fars գործակալության, երեք պայթյուն է լսվել։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող էր լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները վնասվել են: Իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ Սպահանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։

IRNA պետական ​​լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումները նաև Իրանի այլ նահանգներում։ Մասնավորապես, պայթյունի ձայներ են լսվել  Թավրիզի արևմուտքում և Վադի-է Ռահմաթ շրջանում։ Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։